Քրեական դատական գործի վերլուծություն

Գործի համար: ՏԴ/0081/01/23

Ամբաստանյալներ՝ Իգիթ Ռոբերտ Մկրտչյան, Վահագն Մխիթար Մանուկյան, Հարութ Սամվել Խաչատրյան

Դատախազություն՝ Լոռու կայազորի զինվորական դատախազություն

Ինչ կարգով է գործը ստացվել՝ Առաջին անգամ

Դատական գործ

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Իգիթ Մկրտչյանին և Վահագն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայողներ, միասին 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 01:40-ի սահմաններում, գնացել են նույն զորամասի նռնականետային դասակի զորանոց, որտեղ տեղեկանալով, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում զորամասի տարածքում հրավառությունը կատարել է շարքային Մհեր Հովհաննիսյանը, վերջինիս կանչել են գումարտակի շինության մոտ գտնվող տաղավար, որտեղ Մհեր Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում իրենց թվացյալ հեղինակությունը նրա նկատմամբ ցույց տալու մոլուցքով տարված խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածների պահանջները՝ պատերազմում զոհված և նույնիսկ դիակները դեռևս դուրս բերված չլինելու հանգամանքը հաշվի չառնելու պայմաններում հրավառություն կատարելու եղանակով նորից պատերազմի վերսկսման վախ առաջացնելու, ինչպես նաև հանգիստը՝ քունը խանգարելու պատճառով, գռեհիկ և զինծառայողին ոչ հարիր վարքագիծ դրսևորելով վիրավորանքներ հասցնելու միջոցով հալածել են Մհեր Հովհաննիսյանին՝ վերջինիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ասելով որ նրա արածը լավ տղու արարք չէ:

Հարութ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 12:40-ի սահմաններում զորամասի զորանոցում, նույն օրը զորամասի տարածքում հրավառություն կատարելու հարցի հետ կապված խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածների պահանջները՝ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով հալածել է նույն զորամասի շարքային Մհեր Հովհաննիսյանին՝ ասելով, որ վերջինս հաշվի չառնելով մարտական գործողությունների ժամանակ շատ տղաների զոհված լինելու հանգամանքը, զորամասում սալյուտ է խփել, ինչի պատճառով կարծել են թե պատերազմ է սկսվե,լ շարունակել է նախատել Մհեր Հովհանիսյանին ասելով որ ինքը, զորամասի մյուս անձնակազմը, ինչպես նաև գյուղացիները չիմանալով սալյուտ խփողի ով լինելը հայհոյանքներ են տվել նրա հասցեին, ուստի Մհեր Հովհաննիսյանը ինչպես է պատրաստվում ծառայել իրենց հետ միասին: Այն բանից հետո, երբ Մհեր Հովհաննիսյանը փորձել է արդարանալ, չի ընդունել նրա արդարացումները, ասելով որ սխալ արարք է կատարել:

Իգիթ Մկրտչյանի, Հարութ Խաչատրյանի կողմից Մհեր Հովհաննիսյանին հալածելու, նրա նկատմամբ իրականացված պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, վիրավորելու գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ՝ Մհեր Հովհաննիսյանը ընկճվել է ապրելով սուր անկայուն/աֆեկտիվ/, ֆրուստրացիոն՝ իրավիճակից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության վիճակ, մի քանի րոպե անց 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 12:55-ի սահմաններում, շարքային Գոռ Բաթոյանին ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակված կրակահերթից ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է մահացու հրազենային վիրավորում և մահացել, ինչն էլ գտնվում է Հարութ Խաչատրյանի գործողությունների հետ պատճառահետևանքային կապի մեջ։

Մեջբերումներ

ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրիք

Հոդված 13 (հատված)

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով:

Զինծառայողը պարտավոր է բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից…»

Հոդված 16 (հատված)

«Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել միմյանց նկատմամբ…»

Հոդված 65 (հատված)

«Զինծառայողները պարտավոր են մշտապես բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ ծառայել, սրբորեն պահպանել զինվորական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը: Նրանք պետք է հիշեն, որ իրենց վարքով դատում են ոչ միայն իրենց մասին, այլև զինված ուժերի պատվի մասին ընդհանրապես…»

Դատավճիռ

ՀՀ Քրեական Օրենսգիրք. Հոդված 521

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում

1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոն խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձին հարվածներ հասցնելով կամ նրա նկատմամբ բռնի այլ գործողություններ կատարելով կամ պարբերաբար նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Վերլուծություն

Ըստ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 16-րդ հոդվածի՝ այս հարցի լուծման համար զինծառայողները պարտավոր են կարգուկանոնի և կարգապահության պահպանության հարցում օժանդակել հրամանատարներին (պետերին) և ավագ զինծառայողներին։ Տվյալ հարցի լուծումը փորձել են տալ գումարտակի շինության մոտ գտնվող տաղավար կանչելով տուժողին։

Հարութ Խաչատրյանի խոսքով՝ ինքը, զորամասի մյուս անձնակազմը և գյուղացիները, չիմանալով սալյուտ խփողի ով լինելը, հայհոյանքներ են տվել տուժողի հասցեին։

Հետաքննության մանրամասներում նշված չէր, թե արդյոք տարվել է հետաքննություն զորամասի մյուս անձնակազմի հայհոյանք տալու իրավացի լինելը պարզելու համար։ Կարծում եմ՝ այս փաստը մեծ հանգամանք է եղել տուժողի ինքնասպանության մեջ։

Զենքը, որով տուժողը վերջ է տվել իր կյանքին պատկանում էր շարքային Գոռ Բաթոյանին. արդյո՞ք տեղյակ էր իր զինընկերոջ մտարության մասին (datalex.am-ում չգտնվեց նրա անունով քրեական գործ)։

Հոդված 13. «ընկերներին փրկել վտանգից»

Մհեր Հովհաննիսյանը՝ տուժածը, ըստ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 16-րդ հոդվածի պարտավոր էր իր հետ պատահած ամեն ինչի մասին և իրեն արված դիտողությունների մասին զեկուցել իր անմիջական պետին։ Բայց, իհարկե, գտնվելով տվյալ հոգեբանական իրավիճակում՝ որոշել է փոխարենը վերջ տալ կյանքին։

Եզրակացություն

Հանգամանքները, մեղադրյալների խոսքերը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ տվյալ 3 քաղաքացու հանդեպ հարուցված դատական գործը, ելնելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից, բավականին ճշգրիտ որոշում է ստացել՝ նրանց դատապարտելով հինգից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ։

Դեբեդ գետի աղտոտվածությունը

Դեբեդ գետը անցնում է և´ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ Լոռու մարզով, և´ Վրաստանով։

Դեբեդը և նրա վտակները սկիզբ են առնում հյուսիս արևմուտքում Վիրահայոց լեռնաշղթայից և հարավ արևելքում՝ Գուգարաց լեռներից։ Այն Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է և հոսում է հիմնականում Դեբեդի կիրճով, որն ունի 250-350 մետր խորություն (որը ՀՀ ամենացածրադիր վայրը)։

114 տարի է, ինչ Դեբեդ գետի վրա գործում է Ալավերդու հիդրոէլեկտրակայանը (զարմանալի չէ՝ կառուցված Ֆրանսիական ընկերությունների կողմից)։ Բոլորս էլ գիտենք, որ Ալավերդի քաղաքում և շրջակայքում շահագործվում են մի շարք հանքավայրեր՝ ներառյալ Ալավերդու պղնձաձուլարանը։ Ալավերդու հանքերին էլեկտրական էներգիա մատակարարելու համար էլ կառուցվել է Ալավերդու հիդրոէլեկտրակայանը:

Տարեկան 5-12 անգամ ստուգվում է ջրի որակը: Ըստ հրապարակված տվյալների, Դեբեդում ծանր մետաղները մի քանի անգամ գերազանցվել են։ Իսկ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից ավելի վերև, որտեղ գետը չի առնչվում արտանետումներին, ծանր մետաղների պարունակությունն էականորեն քիչ է։

Արվել էր հետազոտություն, որով պարզվել էր, որ Դեբեդ գետի շրջակայքում ապրող մարդկանց արյան մեջ, ինչպես նաև՝ հողում, բարձր է մկնդեղի պարունակությունը։

«Լոռեցի երեխաների օրգանիզմում հայտնաբերվել է նույն քանակի մկնդեղ, որքան չեխ հանքափորների մոտ…»

Design a site like this with WordPress.com
Get started